Մատչելիության հղումներ

Արաբկիրի թաղապետի խափանման միջոցը փոխվել է. նա սկսել է աշխատանքի հաճախել


 Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյան, արխիվ
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյան, արխիվ

Շուրջ մեկ տարի առաջ կալանավորված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն արդեն երրորդ օրն է աշխատանքի է գնում էլեկտրոնային թևնոցով: Հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 18-ին է փոխել կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կազմակերպելու համար մեղադրվող Ազատյանի խափանման միջոց տնային կալանքը:

Հակակոռուպցիոն դատարանից «Ազատությանը» հայտնեցին, որ պաշտոնյան այժմ վարչական հսկողության տակ է, կիրառվել է գրավ և բացակայելու արգելք, սահմանափակվել է նրա շփումը գործով անցնող կողմերի հետ: Ազատյանը շաբաթական մեկ անգամ պետք է ներկայանա պրոբացիայի ծառայություն:

Ըստ մեղադրանքի՝ Արամ Ազատյանը որպես պաշտոնատար անձ երկու անգամ զգալի չափերով կաշառք է ստացել ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու դիմաց, ինչպես նաև դրդել է այլ պաշտոնատար անձի կատարել պաշտոնեական կեղծիք։ Ազատյանը չի ընդունում այս մեղադրանքը: Նրա փաստաբաններից Արման Բայադյանն «Ազատությանն» ասաց՝ դիմել են Եվրոպական դատարան՝ ընտրված խափանման միջոցների ժամանակ Ազատյանի կոնվենցիոն իրավունքների խախտման վերականգնման պահանջով:

Նախորդ տարի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում խուզարկություններից հետո կալանավորված Արամ Ազատյանը հետո 30 միլիոն գրավի դիմաց տնային կալանքում էր: Նա մոտ երկու ամիս մնաց տնային կալանքում, ավելի քան տասն ամիս էլ՝ կալանավայրում:

Այս գործով կալանավորվել էին նաև Արամ Ազատյանի երկու տեղակալները: Մեղադրանք էր առաջադրվել ևս 8 մարդու:

Արամ Ազատյանն Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2022-ին, իսկ 2023-ի հոկտեմբերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է այդ պաշտոնում։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի դատավարությունը շարունակվում է, հաջորդ նիստը՝ օգոստոսի 8-ին:

XS
SM
MD
LG