Ի՞նչ ճակատագիր կունենա Գյումրիի այցեքարտերից մեկը համարվող «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շենքը, որը խիստ վթարային վիճակում է, և որի վերականգնման հարցը տասնամյակներով գլուխ չի գալիս:
«Վառեմ-մարեմ» անունով հայտնի շենքը մեկ տարի առաջ երկար բանակցություններից հետո Կառավարության որոշմամբ հանձնվեց այժմ կալանքի տակ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ պայմանով, որ վերանորոգումից հետո այն վերադարձվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Նախքան Կարապետյանի կալանավորումը շենքում արդեն սկսվել էին որոշակի աշխատանքներ՝ տնակներ էին տեղադրվել շինարարների համար, շենքին մոտ գտնվող ծառն էին հատել ու տարածքը սահմանազատելու համար փորձել էին սյուներ տեղադրել, բայց կիսատ էր մնացել:
Տեղի բնակիչներն «Ազատությանը» պատմեցին, որ մի քանի օր շինաշխատանքներ են տեսել, բայց Կարապետյանի կալանավորումից հետո տարածքում այլևս շինարարներ չեն երևացել:
Արդյոք գործարարի կալանավորումից հետո «Տաշիր» ընկերությունը հետ է կանգնել շենքի վերականգնման ծրագրից: «Տաշիր» ընկերությունից «Ազատությանը» փոխանցեցին. - «Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված որևէ նախագիծ չի ընդհատվել, այդ թվում՝ «Վառեմ-մարեմի» շենքի վերակառուցմանն ուղղված աշխատանքները: Ներկայումս իրականացվում է նախագծային փուլը, որից հետո կսկսվեն շենքի, ինչպես նաև Մհեր Մկրտչյանի թանգարանի նորոգմանն ուղղված աշխատանքները»:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր վերջին ասուլիսում ասաց՝ թեև Սամվել Կարապետյանն անազատության մեջ է, բայց շենքի հարցով զբաղվողներ կան. - «Ուրեմն, մասնագետներ կան, որոնք աշխատում են, հիմա նախագծային-նախահաշվարկային փուլում է, մենք մեր կողմից արդեն հատկացումներն արել ենք, էդ աշխատանքները տարվել են: Էնպես որ, խնդիր չկա, թեկուզ Կարապետյան Սամվելը հիմա էս պահին բանտարկված է, բայց ինքը հանձնարարական տվել է, իր թիմը կատարում է էդ աշխատանքները, մոտ օրերս կսկսեն շինարարությունը»:
Խիստ վթարային դարձած շենքի վերականգնման նախագիծ կազմելու համար, ըստ Գյումրիի գլխավոր ճարտարապետի, բարդություններ կային. առաջին հերթին տասնամյակներով կուտակված աղբը պետք է հեռացվեր, հետո՝ վտանգավոր հատվածները ապամոնտաժվեին. - «Կային վթարային հատվածներ, որոնց չափագրությունը շատ վտանգավոր էր իրականացնել, դրա համար կազմվեց վնասազերծման, մաքրման և պատերի ժամանակավոր ամրացման նախագիծ»:
Նախագիծը քաղաքապետարանը հաստատել է ԿԳՄՍ նախարարության հետ: 150-ամյա շենքը, որ բազմաթիվ զբոսաշրջիկների է գրավում, վերականգնվելու է նույնությամբ, ասում է Հենրիկ Գասպարյանը. - «Դա այդպիսի շենք է, որ նույնությամբ՝ քարը քարին, քար առ քար պետք է վերականգնվի: Բարդ շենք է, պատմամշակութային հուշարձան է, բավականին վնասվածքները շատ են, ծածկերը լրիվ պետք է փոխարինել նորով, քարեր կան, որոնք պետք է փոխարինել, ամրացումներ են պետք, ներարկումներ են պետք առանձին, հատուկ շենք է ինքը»:
Շենքն ամբողջությամբ չի վերականգնվելու, այլ՝ միայն այն հատվածը, որտեղ հայտնի պատշգամբն է: Կառավարության որոշման մեջ, որով շենքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամին է փոխանցվել, շինարարության հստակ վերջնաժամկետ է նշված՝ 2027 թվականի հունիսի 1-ը: Այս շենքը նախկինում մի քանի այլ ընկերությունների է հատկացվել, նույնիսկ շինարարի ընտրության փուլ է հասել, բայց դրանից այն կողմ գործն առաջ չի գնացել:
Ըստ ճարտարապետի՝ «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող շենքը վերականգնելը մեծ գումարներ է պահանջում: Հենրիկ Գասպարյանը դժվարացավ նույնիսկ մոտավոր թիվ ասել:
«Իհարկե, ծախսատար բան է շատ ինքը, ընդհանրապես վերականգնումը ծախսատար աշխատանք է, և հատուկ հմտություններ պահանջող շինարար է պահանջվում, հատուկ վարպետներ են պահանջվում: Զգույշ պետք է անել ամեն ինչ, որովհետև դա մեր քաղաքի բրենդներից մեկն է դարձել, չէ՞», - նշեց Գյումրիի գլխավոր ճարտարապետը:
Իսկ ի՞նչ նպատակի կծառայի պատմական շենքը նորոգումից հետո:
«Նախնական մեր խոսակցություններից, համաձայնություններից՝ նախատեսվում է Ֆրունզիկ Մկրտչյանի թանգարանը տեղափոխել էնտեղ, և այն մյուս մասն էլ, որը կմնա, էլի մշակութային նպատակներով: Այսինքն՝ մի բան պարզ է, որ այդ մշակութային նպատակները օգտագործվելու է, և նրա գործառական նշանակությունը փոփոխման ենթակա չէ և չի կարող փոխվել», - ասաց Գասպարյանը:
Ի դեպ, վերջերս Եվրամիության ֆինանսավորմամբ Մհեր Մկրտչյանի թանգարանի նոր կոնցեպտ է մշակվել, որտեղ չէին բացառել, որ գյումրեցի հայտնի դերասանի թանգարանը հնարավոր է տեղափոխվի «Վառեմ-մարեմի» շենք: