Տրամագծորեն հակառակ գնահատականներ «Հայաստանի էլեկտրական ցանցերին» առնչվող Ստոկհոլմի արբիտրաժի վերջին պատասխանի շուրջ: Մի կողմում Կառավարության հայտարարությունն է, թե օգոստոսի 3-ի որոշումն ի վնաս կալանավորված Սամվել Կարապետյանի է, մյուս կողմում՝ ՀԷՑ-ի բաժնետերերի տեսակետը, թե արբիտրաժը հաստատել է ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը: Որոշումը դեռ հրապարակված չէ:
«Ազատության» ձեռքի տակ է այդ որոշման այն հատվածը, ըստ որի՝ կողմերը պարտավոր են անհապաղ կատարել արբիտրի հրատապ որոշումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունն ու Կարապետյանները տարբեր կերպ են մեկնաբանում արբիտրի նոր որոշումըՄիջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ դատարանը հենց այնպես չէ հրատապություն սահմանում, դա անհրաժեշտ է գործի ընթացքի համար:
«Արտակարգ հրատապ արբիտրը անհրաժեշտություն չի տեսնում այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք կառնչվեն գործի ըստ էության քննությանը: Այսինքն՝ արբիտրը հրաժարվել է նոր միջոցներ ձեռնարկելուց, որը կարող է մեկնաբանվել, ընկալվել որպես վեճի վերջնական լուծում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:
Նրա խոսքով՝ արբիտրը այսպես կոչված մերժման որոշում է կայացրել ոչ թե որ կողմը նոր պահանջներ է ներկայացրել, այլ վերահաստատել է իր նախորդ դիրքորոշումը միջանկյալ հրատապ վճռի վերաբերյալ. - «Նշել է, որ միջանկյալ միջոցները լրացնելու խնդրանքը մերժվում է այն պատճառով, որ արբիտրաժային կանոնների համաձայն վեճը լուծելու համաձայնության պարագայում կողմերը հանձնառել են իրավական պարտավորություն՝ գործելու արբիտրաժային որոշումներին համապատասխան՝ առանց որևէ ձգձգումների»:
Կարապետյանները միջազգային այս ատյանից պահանջել էին լրացնել ավելի վաղ ընդունված վճիռն ու այնպես անել, որ Հայաստանի կառավարությունը կատարի արբիտրի որոշումը ու դուրս գա ՀԷՑ-ից:
«Եթե արբիտրաժի որոշումը կատարեն, մենք պետք է ստատուս քվոն վերականգնենք, բոլոր այն գործընթացները, որոնք Հայաստանում իրացվում են ՀԷՑ-ի ազգայնացման ուղղությամբ, պետք է առնվազն ժամանակավորապես կասեցվեն, և այն օգուտները, գործընթացները, որին փորձում են հասնել նախաձեռողները, չեղարկվելու են», - ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Հուլիսի վերջին միջազգային արբիտրը ՀԷՑ-ի պետականացման համար ուղի հարթող իշխանության ընդունած նախագծերը «բռնագրավման օրենքներ» էր որակել և Հայաստանին պարտավորեցրել ձեռնպահ մնալ «ընկերության բռնագրավման» հետագա քայլերից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարապետյանի թիմը հայտնում է ՀԷՑ-ի հարցով արբիտրաժում հաղթելու մասին. կառավարությունն արձագանքում էԱրբիտրաժ երկրորդ անգամ դիմելու առիթը Հայաստանի կառավարության կողմից միջազգային այդ ատյանի վճիռը չկատարելն է:
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ միջանկյալ հրատապ այդ որոշումը ենթակա է պարտադիր անհապաղ կատարման, և դրա համար չկա կարիք ու պարտավորություն՝ դիմելու հայաստանյան դատարան: Մինչդեռ Կառավարությունը հակառակն է պնդում՝ վճիռը ենթակա է կատարման, եթե այն ճանաչվի հայաստանյան դատարանի կողմից: Երեկ նորից պնդել էին՝ այս որոշումը չի վերաբերում ժամանակավոր կառավարիչ նշանակելու և դրանից բխող գործողություններին: Բայց Կարապետյանների թիմը հակառակն է պնդում:
«Հիմա այստեղ անալոգիայով փորձ է արվում կիրառելի դարձնել միջանկյալ, հրատապ հարցերով վճիռների նկատմամբ, ինչը արդեն իսկ խնդրահարույց է, քանի որ հրատապ միջոցները պետք է առանց ձգձգումների, անմիջապես ի կատար ածվեն», - ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը:
ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը եկեղեցուն պաշտպանելուց հետո իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեղադրանքով հայտնվեց բանտում, իսկ նրա ընկերությունում գործադիրը ժամանակավոր կառավարիչ նշանակեց: Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը նշանակումից ի վեր ակտիվ ազատումներ ու նոր նշանակումներ է անում էլցանցերում, ընդ որում՝ տարբեր ղեկավար բարձր պաշտոնների նշանակելով սեփական կուսակիցներին:
«Ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն, նաև՝ միջազգային կոնվենցիայով, կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին». - արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էր նման հայտարարություն արել, չէր պարզաբանել, թե ինչպես կարող է միջազգային ատյանի որոշման կատարումն ազդել հանրային կարգի վրա:
Հանրային կարգը միջանկյալ որոշումը կատարելու պարագայում չի գործում, «Ազատությանն» ասում է Սիրանուշ Սահակյանը: Ընդգծեց՝ սա կարող է կիրառվել բացառիկ դեպքերում՝ վերջնական վճիռը կատարելիս: Այդ դեպքում պետք է կողմի իրավունքներն այդ գործընթացում խախտված լինեն, նկատեց միջազգային իրավունքի մասնագետը:
Սահակյանը զգուշացնում է՝ արբիտրի թեկուզ միջանկյալ որոշումը չկատարելը կազդի Հայաստանի հեղինակության վրա:
Ի վերջո, Կարապետյանները կդիմե՞ն հայաստանյան դատարան, պաշտպանական թիմը դիրքորոշում ավելի ուշ կհայտնի:
«Հայաստանի Հանրապետությունը առաջնորդվում է ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով, և որևէ խախտում ո՛չ օրենսդրության, ո՛չ միջազգային կոնվենցիայի թույլ չի տրվում», - վստահեցրել է արդարադատության նախարարը:
1917 թվականից գործող Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը օգնում է լուծել բիզնեսին առնչվող վեճերը, այս պահին այնտեղ տարբեր ընկերությունների ու տասնյակ երկրների միջև հայցեր են քննվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սրբուհի Գալյանը պնդում է՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային որոշմանը կարող են չենթարկվել