Վաշինգտոնում Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շաբաթավերջին սպասվող հանդիպման վերաբերյալ իշխանության և ընդդիմության գնահատականները տրամագծորեն տարբեր են: Մինչ իշխանականները կարևորում են հանդիպման փաստն ու ակնարկում մոտալուտ խաղաղության հաստատման մասին, արտախորհրդարանական ընդդիմությունից «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը կարծում է՝ ամերիկյան հարթակում Ադրբեջանը բարձրացնելու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը:
«Սա սիմվոլիկ կարևոր իրադարձություն է ամերիկյան կողմի համար: Ալիևը համաձայնվել է գնալ, ես կարող եմ ենթադրել, որ դրա դիմաց նա ուզում է ամերիկյան կողմի աջակցությունը, որպեսզի նա ստանա իր բաղձալի «Զանգեզուրի միջանցքը» այսպես կոչված: Հայկական կողմի համար էլ այն կարևոր է, որովհետև այն Հայաստանում ներկայացվելու է, որ այլևս մենք անցնում ենք ԱՄՆ երաշխավորության տակ, որը նախընտրական պրոցեսներում, Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների համատեքստում կարևոր է, որ ցույց տան, որ «տեսնում եք, մենք շատ էլ լավն ենք, Ամերիկան մեզ հետ համագործակցում է», - նշեց Մարուքյանը:
Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը տեղի է ունենում տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման շուրջ վերջին ամիսների ակտիվ քննարկումների պայմաններում: Երկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ ամերիկյան կողմն այդ հարցով Երևանին և Բաքվին առաջարկներ է արել: Մանրամասներ ավելի ուշ ներկայացրեց Թուրքիայում Միացյալ նահանգների դեսպանը, թե խոսքը Սյունիքի ճանապարհի վարձակալության մասին է:
Երևանից պնդեցին՝ առաջարկվող լուծումն ընդունելի չէ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին մամուլի ասուլիսում հաստատեց՝ ապաշրջափակման հարցով քննարկվող հիմնական տարբերակն ամերիկյանն է: Սակայն թե ի՞նչ է այն ենթադրում, պարզ չէ:
Իշխանությունից վստահեցնում են՝ ինչ տարբերակ էլ քննարկեն՝ Հայաստանի համար կարևոր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքները պահպանվելու են:
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական անդամ Հասմիկ Հակոբյանը վստահեցրեց՝ Երևանն այս հարցում զիջման չի գնալու:
«Խնդրում եմ հետևել պաշտոնական հաղորդագրություններին: Մենք նշել ենք ապաշրջափակման հետ կապված մեր սկզբունքները, մեր իրավազորությունից, մեր տարածքային ամբողջականությունից, մեր ինքնիշխանությունից դուրս մենք ոչինչ չենք անում մ եր ամբողջ գործունեության ընթացքում: Եթե ստացվի ունենալ ցանկացած փուլում ապաշրջափակում, դա կլինի հրաշալի: Եթե կարողանան ինչ-որ մի փուլում ունենալ խաղաղության համաձայնագրի ստորագրում, սա կլինի հրաշալի», - ասաց Հակոբյանը:
Իշխող ուժի պնդումները, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց Հայաստանը երբևէ չի քննարկել և չի քննարկելու, խորհրդարանական ընդդիմությանը չեն համոզում:
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը հիշեցնում է. - «Վեց տարի առաջ այս օրը հայտարարեց՝ «Արցախի Հայաստան է և վերջ», հիմա դուք այդ մարդուց սկզբունքայնություն և հետևողականություն եք պահանջո՞ւմ, ոչ: Ինքը պատրաստ է զիջել ամեն ինչ, որպեսզի պահի իր աթոռը»: