Տրամագծորեն հակառակ գնահատականներ «Հայաստանի էլեկտրական ցանցերին» առնչվող Ստոկհոլմի արբիտրաժի վերջին որոշման շուրջ: Մի կողմում Կառավարության հայտարարությունն է, թե օգոստոսի 3-ի որոշումն ի վնաս կալանավորված Սամվել Կարապետյանի է, մյուս կողմում՝ ռուսաստանաբնակ միլիարդատերի թիմի տեսակետը, թե արբիտրաժը հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը:
Որոշումը դեռ հրապարակված չէ:
«Արտակարգ հրատապ արբիտրը անհրաժեշտություն չի տեսնում այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք կառնչվեն գործի ըստ էության քննությանը: Այսինքն՝ արբիտրը հրաժարվել է նոր միջոցներ ձեռնարկելուց, որը կարող է մեկնաբանվել, ընկալվել որպես վեճի վերջնական լուծում», - «Ազատության» հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:
Սահակյանի խոսքով՝ արբիտրը այսպես կոչված մերժման որոշում է կայացրել ոչ թե որ կողմը նոր պահանջներ է ներկայացրել, այլ վերահաստատել է իր նախորդ դիրքորոշումը միջանկյալ հրատապ վճռի վերաբերյալ. - «Նշել է, որ միջանկյալ միջոցները լրացնելու խնդրանքը մերժվում է այն պատճառով, որ արբիտրաժային կանոնների համաձայն վեճը լուծելու համաձայնության պարագայում կողմերը հանձնառել են իրավական պարտավորություն՝ գործելու արբիտրաժային որոշումներին համապատասխան՝ առանց որևէ ձգձգումների»:
Կարապետյանները միջազգային այս ատյանից պահանջել էին լրացնել ավելի վաղ ընդունված վճիռն ու հայտարարել՝ Հայաստանն ունի իրավական պարտավորություն՝ կատարելու արբիտրաժային վճիռը: Երկրորդ կետով արբիտրին առաջարկել էին պարտավորեցնել Հայաստանին՝ վերականգնելու հայցվորների առաջին դիմումի ամսաթվի դրությամբ առկա իրավիճակը:
«Եթե արբիտրաժի որոշումը կատարեն, մենք պետք է ստատուս քվոն վերականգնենք, բոլոր այն գործընթացները, որոնք Հայաստանում իրացվում են ՀԷՑ-ի ազգայնացման ուղղությամբ, պետք է առնվազն ժամանակավորապես կասեցվեն, և այն օգուտները, գործընթացները, որին փորձում են հասնել նախաձեռողները, չեղարկվելու են», - ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Հուլիսի վերջին միջազգային արբիտրը Հայաստանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ընկերության բռնագրավման հետագա քայլերից։ Ավելին՝ ՀԷՑ-ի պետականացման համար ուղի հարթող իշխանության ընդունած նախագծերը արբիտրը «բռնագրավման օրենքներ» է որակել:
Արբիտրաժ երկրորդ անգամ դիմելու առիթը Հայաստանի կառավարության կողմից միջազգային այդ ատյանի վճիռը չկատարելն է:
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ միջանկյալ հրատապ այդ որոշումը ենթակա է պարտադիր անհապաղ կատարման, և դրա համար չկա կարիք ու պարտավորություն դիմելու հայաստանյան դատարան: Կառավարությունը պնդում է, որ վճիռը ենթակա է կատարման, եթե այն ճանաչվի հայաստանյան դատարանի կողմից:
«Հիմա այստեղ անալոգիայով փորձ է արվում կիրառելի դարձնել միջանկյալ, հրատապ հարցերով վճիռների նկատմամբ, ինչը արդեն իսկ խնդրահարույց է, քանի որ հրատապ միջոցները պետք է առանց ձգձգումների, անմիջապես ի կատար ածվեն», - ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը:
ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը եկեղեցուն պաշտպանելուց հետո իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեղադրանքով հայտնվեց բանտում, իսկ նրա ընկերությունում գործադիրը ժամանակավոր կառավարիչ նշանակեց: Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը նշանակումից ի վեր ակտիվ ազատումներ ու նոր նշանակումներ է անում էլցանցերում, ընդ որում՝ տարբեր ղեկավար բարձր պաշտոնների նշանակելով սեփական կուսակիցներին:
«Ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն, նաև՝ միջազգային կոնվենցիայով, կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին». - արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էր նման հայտարարություն արել, չէր պարզաբանել, թե ինչպես կարող է միջազգային ատյանի որոշման կատարումն ազդել հանրային կարգի վրա: