Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պահանջով Ռուսաստանին ԱՄՆ նախագահի տված վերջնաժամկետի լրանալուց ընդամենը երկու օր առաջ Կրեմլին մոտ երեք աղբյուր Reuters-ին ասել են, թե քիչ հավանական է, որ Ռուսաստանի նախագահը ենթարկվի Դոնալդ Թրամփի պահանջին և հրադադար հաստատի:
Վլադիմիր Պուտինը չի կարծում, որ հնարավոր նոր պատժամիջոցներն էական ազդեցություն կունենան, և համոզված է, որ հաղթում է պատերազմում, նշել են աղբյուրները, հավելելով՝ նա հետևաբար կշարունակի պատերազմը, որպեսզի ամբողջությամբ գրավի Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը:
Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Պուտինը մտահոգված է, որ ԱՄՆ-ի հետ կապերը վերջերս վատացել են, սակայն դեռ հույս ունի, որ Ռուսաստանը կարող է կրկին բարեկամանալ ԱՄՆ-ի հետ և վերականգնել առևտուրն Արևմուտքի հետ: Կրեմլի ղեկավարը գնահատում է Թրամփի հետ հարաբերությունները և չի ցանկանում բարկացնել նրան, բայց, ընդգծել է Reuters-ի աղբյուրը, «Պուտինը պարզապես առաջնահերթ խնդիր ունի՝ նա չի կարող իրեն թույլ տալ պատերազմն ավարտել միայն այն պատճառով, որ Թրամփն է դա ցանկանում»:
Ուկրաինայի նախագահն էլ հայտնել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ և քննարկել Ուկրաինայում հրադադար հաստատելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցերը: Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Դոնալդ Թրամփի հետ քննարկել են նաև «երկկողմ պաշտպանական համագործակցությունը», այդ թվում՝ ԱՄՆ-ին անօդաչուների տրամադրելու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն գործարկում են Ուկրաինային ռազմական օգնության նոր մեխանիզմ, որի նպատակն է Կիևին հնարավորինս արագ և մեծ քանակի ամերիկյան զենք ապահովել: Դրա համար կվճարեն, սակայն, ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներն ու Կանադան:
«Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ» անունով նախաձեռնությունն աշխատելու է այսպես. Ուկրաինան կներկայացնի իրեն հրատապ անհրաժեշտ սպառազինության ցանկը, Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարությունը կհաստատի այն, ինչից հետո ԱՄՆ-ն այն կտրամադրի իր պաշարներից:
Նոր սխեմայով Ուկրաինային առաջինը զենք կմատակարարի Նիդեռլանդները: Երկրի պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը սոցցանցում գրել է, որ Ուկրաինային այժմ անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք:
«Նիդեռլանդները Կիևին կտրամադրի ամերիկյան զենքի համակարգերի փաթեթ, ներառյալ Patriot համալիրների համար նախատեսված բաղադրիչներ և հրթիռներ՝ 500 միլիոն եվրո արժողությամբ», - գրել է Բրեկելմանսը:
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հիշեցրել է, որ երբ հայտարարվեց նախաձեռնության մասին, անդամ երկրներից շատերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել Ուկրաինային և մեկտեղել իրենց գումարն ու ռեսուրսները: Ըստ Մեթյու Ուիթաքերի՝ Նիդեռլանդներից հետո նախաձեռնությանն առաջիկա շաբաթներին կմիանան մի շարք այլ երկրներ:
«Սա է ՆԱՏՕ-ի ամբողջ նպատակը, և այն, ինչն այս դաշինքը դարձնում է ամենաուժեղը, այս հարթակն է, որտեղ մենք կարող ենք շփվել դաշնակիցների հետ, քննարկել խնդիրները և լուծումներ գտնել», - հայտարարել է Ուիթաքերը:
Դեսպանի հայտարարությունից ժամեր անց Նորվեգիան, Շվեդիան և Դանիան հայտարարեցին, որ կմիանան և ընդհանուր 486 մլն դոլար կհատկացնեն:
Ու մինչ Արևմուտքը շարունակում է Ուկրաինային ռազմական աջակցությունը, Ռուսաստանը հայտարարել է, որ դուրս է գալիս միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մասին համաձայնագրից, որով պարտավորվել էր չտեղակայել նման հրթիռներ այնտեղ, որտեղ ՆԱՏՕ-ն դա չի անում։ Ռուսաստանը պարզաբանել է, թե պատճառն այն է, որ ՆԱՏՕ-ն սկսել է նման հրթիռներ տեղակայել Եվրոպայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Այս ֆոնին ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է բարձրացնել Հնդկաստանի համար սահմանված մաքսատուրքը՝ ռուսական նավթը գնելու համար: Դոնալդ Թրամփը նշել է, որ Հնդկաստանը ոչ միայն մեծ ծավալի ռուսական նավթ է գնում, այլև դրա մեծ մասը վաճառում է՝ չմտածելով, որ ֆինանսավորում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը:
«Նրանց համար միևնույն է, թե ռուսական ռազմական մեքենան քանի մարդ է սպանում Ուկրաինայում։ Այդ պատճառով ես զգալիորեն կբարձրացնեմ Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ին վճարվող մաքսատուրքը», - հայտարարել է Թրամփը:
Հնդկաստանի արտգործնախարարությունը Թրամփի որոշումն «անհիմն և ոչ խելամիտ» է որակել՝ հայտարարելով, որ կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները իրենց պետական շահերը պաշտպանելու համար։
Կրեմլի խոսնակն էլ ասել է, որ անօրինական են հայտարարությունները, որոնցով փորձում են տարբեր երկրների ստիպել խզել առևտրային կապերը Ռուսաստանի հետ:
«Կարծում ենք, որ ինքնիշխան երկրները պետք է իրավունք ունենան ընտրելու իրենց առևտրային գործընկերներին … և առևտրային ու տնտեսական համագործակցության այն ձևերը, որոնք համապատասխանում են տվյալ երկրի շահերին», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
Իսկ ռազմական իրադրությունը շարունակում է լարված մնալ: Ռուսական բանակը լայնածավալ հարձակում է գործել Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի վրա, հարվածել երկաթուղային կայարանին, կա երկու զոհ, տասը վիրավոր, ևս երկու զոհ կա Սումիում: Ռուսական կողմը ևս մեկ բնակավայր է վերցրել Դնեպրոպետրովսկում:
Ուկրաինայի նախագահը սոցցանցում գրել է, որ Խարկովում մարտերին մասնակցում են Չինաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Պակիստանից և աֆրիկյան երկրներից վարձկաններ: Նրա աշխատակազմի ղեկավարն էլ ասել է, որ ռուսական խոցված անօդաչուներում Հնդկաստանից ներմուծմած մասեր են հայտնաբերվել: Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է ռուսական մի քանի քաղաքի: