Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչի պաշտոնում վան’ տ Սխիպին փոխարինել է Եղիշե Մելիքյանը


Ջոն վան’ տ Սխիպն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում են Ֆուտբոլի ֆեդերացիայից: Այդ պաշտոնում նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

ՀՖՖ-ի հաղորդագրության համաձայն՝ ֆեդերացիան և Ջոն վան’ տ Սխիպը որոշում են կայացրել փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել համագործակցությունը:

Նշվում է նաև, որ Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիան որոշել է գալիք տարվա համար շարժվել այլ ուղղությամբ՝ տեղական մարզչական շտաբով։

«Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի», - հայտարարել է նորանշանակ մարզիչը:

Նա կոչ է արել ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ:

Ջոն վան’ տ Սխիպը, իր հերթին, նկատել է, որ հույս ուներ
շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց հարգում է ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։

Ջոն Վանտ Սխիպի գլխավորությամբ հավաքականը չորս հանդիպում է անցկացրել՝ 3 պարտություն, մեկ ոչ ոքի: 4 խաղում թիմը 16 գնդակ է բաց թողել՝ խփելով միայն 5-ը:

Եշիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր:

46-ամյա Մելիքյանը ֆուտբոլիստի կարիերան 2013-ին է ավարտել, 29 անգամ կրել է հավաքականի մարզաշապիկը: Որպես մարզիչ սկսել է աշխատել 2015-ից: Երևանյան «Փյունիկը» նա գլխավորում է արդեն ավելի քան 4 տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG