Երևանի քաղաքապետարանն արդյունավետ է համարում մայրաքաղաքում հունիսի 17-ից իրականացված երթևեկության փորձնական փոփոխությունները, «Ազատությանը» փոխանցեց տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
«Փաստ է, որ որոշ չափով երթևեկության հոսքերը տվյալ հատվածներում դանդաղեցին, բայց դրա փոխարեն ունեցանք տվյալ հատվածներում ապրող ավելի արագ երթևեկող հասարական տրանսպորտ», - ասաց նա:
Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանին հարող ճանապարհահատվածում, երթևեկելի 3 գոտիներից միջինը նախատեսվել է բացառապես հասարակական տրանսպորտի համար, իսկ աջ գոտին՝ հետադարձ կատարողների։ Հենց այս հատվածում արված փոփոխությունն է վարորդներից շատերի համար խնդրահարույց։
«Բռնել են, ավտոբուսի գծեր են քաշել, մի ռյադը փակել են, սաղ պռոպկա է», - ասում են նրանք:
«Նոյ» գործարանի և «ՎիվաՍել Արմենիայի» գրասենյակի հատվածում երթևեկությունը դեպի «Հաղթանակի» կամուրջ իրականացվում է երկու գոտիով։ Առաջին գոտուց հնարավոր է երթևեկել դեպի կամուրջ և Մաշտոցի պողոտա, իսկ երկրորդ գոտին նախատեսված է միայն հասարակական տրանսպորտի համար, որն ապահովում է նաև ձախ շրջադարձ դեպի Ոսկերիչների փողոց։ Հակառակ ուղղությամբ՝ «Հաղթանակի» կամրջից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոց, երթևեկությունն իրականացվում է երեք գոտիով, որոնցից առաջինը տրամադրված է կրկին տրանսպորտին։ Այդ հատվածում նաև տեղադրվել է համապատասխան կանգառ։ «Երևան Պլազայի» հարակից ճանապարհահատվածում ձախ եզրային գոտին նույնպես առանձնացվել է տրանսպորտի համար։
Վազգեն Հարությունյանն ասում է՝ այս փոփոխությունների շահառուն հասարակական տրանսպորտից օգտվողներն են, բայց գիտեն, որ մասնավոր մեքենաների վարորդների համար սա որոշակի լարվածություն է ստեղծել. «Առավելությունը պետք է տանք հասարակական տրանսպորտին, որովհետև մեր հասարակական տրանսպորտի տեղատարողությունը հասնում է մինչև 85-ի օրինակ «Ման»-ի պարագայում, իսկ անձնական ավտոմեքենայի պարագայում յուրաքանչյուր ավտոմեքենայի մեջ կա մեկ կամ երկու ուղևոր: Հասարակական տրանսպորտը, որը տեղափոխում է 85 մարդ ավելագույնը, պետք է ունենա առավելություն այլ մասնակիցների նկատմամբ»:
Տրանսպորտի վարչության պետի պնդմամբ՝ իրենք արդեն պատրաստվում են սեպտեմբերի 1-ին, որ խցանումներն ավելի քիչ լինեն։
Առանձնացված գծերով ավտոբուսներն, ասաց, կշարունակեն ավելի արագ ընթանալ։ Ըստ նրա՝ արդեն որոշ փոփոխություններ արվել են, վերջին շաբաթվա ընթացքում Մաշտոցի պողոտայում լուսացուցային ռեժիմներ են փոխվել, սա թույլ կտա երթևեկության անընդհատությունն ապահովել մինչև Հաղթանակի կամուրջ։ Այս ամիս, ընդգծեց, փոխվելու է նաև Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկի լուսացույցերի ռեժիմը։
«Մեկն էլ Մետրոպոլի դիմացի խաչմերուկը՝ Հաղթանակի կամրջի մոտ: Հիմնական հոսքը, որը գալիս է Արշակունյացից Գրիգոր Լուսավորչով, ինչպես նաև Պարոնյանից իջնող հոսքը, այդ լուսացույցային օբյեկտների տեղադիրքի փոփոխման արդյունքում հոսքերի անընդհատությունը կավելանա, կուտակումը կպակասի», - ասաց նա:
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյյանը, մինչդեռ, կարծում է, որ քաղաքապետարանը նախ պետք է կայանման կարմիր գծերն ազատի, հետո ավտոբուսների համար առանձնացված գծերով պետք է երթևեկելու հնարավորություն տա նաև տաքսիներին ու առաքման ծառայություն իրականացնող մեքենաներին։
«Ամբողջ աշխարհում ավտոբուսների հետ հավասարեցված երթուղիով երթևեկում են նաև ծառայություն մատուցող՝ այսինքն տաքսիները, որը Հայաստանում չի թույլատրվում, այսինքն՝ պետք է նաև դա զուգահեռաբար իրականացնել, պետք է տաքսու ծառայություն մատուցողները լիցենզավորվեին, ունենային գրաֆիկներ, նոր միայն իրավունք ունենային այդ ծառայությունները մատուցել, և իրենք էլ հնարավորություն ունենային օգտվել այդ առանձնացված երթուղիով, որովհետև առանց դրա մենք չենք կարող երթևեկությունը կարգավորել», - նշեց նա:
Երևանի քաղաքապետարանից պնդում են՝ պատրաստվում են սեպտեմբերի 1-ին, բայց զգուշացնում են՝ մասնավոր մեքենաների երթևեկը հատկապես կենտրոնում դժվարանալու է։